Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցած զինծառայողները կարող են կրկնակի պարգևատրումներ ստանալ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նման հնարավորություն նախկինում էլ նախատեսված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, այժմ այն հաստատվեց նաև կառավարության որոշմամբ:
Գործող ծրագրով ժամկետային զինծառայողը, ծառայելով 6 ամիս, կարող է կնքել 5 տարվա պայմանագիր, դրա ավարտից հետո ստանալ 5 մլն դրամ պարգևատրման վճար՝ ծառայության տարիներին ստացած աշխատավարձից բացի: Այսօրվա որոշմամբ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել ոչ միայն 5 տարով, այլև 2 տարով։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդունած նախագծով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար։
Այս պահին ծրագրի շահառու է շուրջ 6000 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ կա 906 դիմում։


