Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին տասնամյակների տենդենցն այն է, որ ՀՀ-ում ծնունդները նվազում են, արձանագրվող թվերը պատահական չեն, շարունակվող պրոցեսի արդյունք է: Եթե համեմատենք, վերջին 10 տարիներին վիճակագրությունը, ամեն տարի մենք ունենում ենք ծնունդների թվի որոշակի անկում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը:
Ըստ Վիճակագրական կոմիտեի, 2024-ին ՀՀ-ում գրանցվել է 33.648 ծնունդ, 2023-ին՝ 36.590: 2024-ին նորածին տղաների թիվը կազմել է՝ 17.614, 2023-ին՝ 19.220, աղջիկներինը 2024-ին կազմել է 16.034, 2023-ին՝ 17.370:
«Իհարկե, այս ցուցանիշները մտահոգում են, դրանք թեև շատ սերտորեն, բայց ամենափոքր մասով են կապված առողջապահական խնդիրների հետ, որը ընդհանուր ցուցանիշներում որոշիչ չէ», - կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Վրույր Գրիգորյանի դիտարկմամբ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում առկա է անպտղության խնդիր և այն հիմնական խնդիրները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, նաև առկա են մեր երկրում.«Անպտղությունը լինում է և կանանց և տղամարդկանց շրջանում, պատճառները տարբեր են՝ ինֆեկցիոն հիվանդություններ, կանանց շրջանում հանդիպող սպեցեֆիկ հիվանդություններ՝ ինչպիսին է էնդոմետրիոզը: Եթե անպտղության դերը դիտարկում ենք ծնունդների քանակի նվազման համատեքստում, ապա կարևոր դեր է խաղում առաջին հղիություններում կնոջ տարիքի մեծացումը՝ մեծանալուն զուգընթաց կնոջ օրգանիզմում ավելանում են առողջական խնդիրները: Ընդհանրապես կարող ենք նկատել, որ անպտղության ամենաբնորոշ պատճառներից մեկը հենց տարիքն է»,- ընդգծեց բժիշկն ու հավելեց, որ անպտղություն հիմնականում հանդիպում է ավելի հասուն տարիքում ամուսնացածների դեպքում՝ և հղիանալու, և հղիության բարդությունների առումով:
«Մեր փոքր ազգաբնակչության ծնելիության փոքր թվի շրջանակում անպտղության դեպքերի թիվը ևս մտահոգիչ է՝ զույգերի շրջանում ունենք մոտ 10 տոկոս անպտղություն, այսինքն՝ ՀՀ-ում 100 զույգից 14-ի մոտ պտղաբերության առումով որոշակի խնդիրներ առաջանում են»:
Վերջին 5-6 տարում անպտղության ցուցանիշների շեշտակի փոփոխություն չունենք, աճ էլ չունենք, անպտղության խնդիրը միշտ եղել է, ուղղակի հիմա և ախտորոշումը, և բժշկագիտությունը այնքան են առաջընթաց ունեցել, որ շատ հարցերում կարողանում ենք ախտորոշել և միջամտել՝ ավելի շատ դեպքեր հայտնաբերելով.«Նախկինում անպտուղ էր կոչվում այն զույգը, որը երկու տարվա ընթացքում հաջողություն չէր ունենում հղիության հարցում, հիմա այս շեմն իջեցվել է մեկ տարի»:
Ի դեպ, նախարությունից տեղեկացրին, որ «Անպտղության հաղթահարման» ծրագրի մեկնարկից ի վեր` 2020-2024թթ. շրջանակում, ՀՀ-ում ծնվել է 951 երեխա, որից 83-ը` զոհված զինծառայողի ընտանիքում, հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող վերարտադրողական բուժգնություն:
«Ծրագիրը միանշանակ դրական եմ գնահատում, մեկ ծնված երեխան էլ մեծ արժեք ունի, այստեղ չպետք է կենտրոնանալ թվերի վրա: Ինչ վերաբերում է ծրագրի հաշվին ծնուդների քանակն ավելացնելուն, ապա գրանցվող թիվ փոքր է, այդ առումով մենք մեծ փոփոխություն չենք տեսնում, բայց դրանով ծրագիրը պակաս արժեքավոր չի դառնում»,- ընդգծեց նա:
Բժիշկն հիշեցնում է երեխա ունենալ նախ պետք է զույգը ցանկանա, առողջապահական ոլորտի հիմնական աշխատանքը հղիությունները կայացնելն է և կայացած հղիությունները վերահսկելը.«Մեր մշտական աշխատանքն անպտղության դեմ պայքարն է, խնդիրն անտեսված չէ: Առողջապահական ոլորտը շարունակելու է զբաղվել նաև առողջ հղիության ապահովմամբ, անվտանգ ծննդաբերության և նորածնային խնամքի հարցերով՝ անկախ նրանից ծնելիության աճի խնդիր կա, թե ոչ, դա մեր հիմնական աշխատանքն է»:





