Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 27-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
2. «Արփի մեդիա» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 297 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
3. «Արանեա» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային սփռման ԵՀ N 302 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
4. «Արմենիա ԹիՎի» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 2 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
5. «Ա-ԹիՎի» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 3 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլլիոթը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեց տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և երկրորդ եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ երկրորդ եզրակացությունը:
Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «Արփի մեդիա» («Նուռ» ծրագիր) և «Արանեա» («Արմա ԹիՎի» ծրագիր) ՍՊԸ-ների՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։ Հանձնաժողովը որոշեց մայիսի 31-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաները:
2026 թ․ մայիսի 14-ին Հանձնաժողով է մուտքագրվել «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության երկու դիմում։ Կուսակցությունը հայտնել է, որ մի քանի օր շարունակ չի հաջողվում կապ հաստատել «Արմենիա Թի-Վի» և «Ա-ԹիՎի» ՍՊԸ-ների այն պատասխանատու անձանց հետ, որոնք համակարգում են կուսակցությունների անվճար եթերաժամանակի կազմակերպման գործընթացը։
Վարչական վարույթի հարուցումից հետո՝ մայիսի 15-ին, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ու վերոնշյալ ՍՊԸ-ների միջև կնքվել են գովազդային պայմանագրեր, որոնց համաձայն՝ հեռարձակողները պարտավորվել են անվճար հիմունքներով տրամադրել 25-ական րոպե տևողությամբ գովազդ մայիսի 15-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում ապահովվել է Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ ընտրությանը մասնակցող կուսակցության՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու իրավունքի իրացումն օրենքով սահմանված առավելագույն՝ ոչ ավելի, քան 25 րոպե ծավալի շրջանակում։
Այսպիսով, քանի որ բացակայում է վարչական իրավախախտման փաստի կամ կազմի առկայությունը, Հանձնաժողովը որոշեց կարճել հարուցված վարչական վարույթները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։


