Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բոլոր երեխաները հավասար են, սիրված ու ընդունված»․ այս կարգախոսով «Քայլենք միասին» հասարակական կազմակերպությունը Կարեն Դեմիրճյանի թանգարանում (Ղազար Փարպեցու 7) հունիսի 1-ին, 2-ին և 3-ին, ժամը 18:00-ին, իրականացնում է սիրո, հավասարության, արժանապատվության և ուժի մասին պատմող յուրահատուկ եռօրյա նախագիծ: Մեր գլխավոր նպատակն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել հավասար հնարավորությունների կարևորությանը և բարձրաձայնել մի կարևորագույն ճշմարտություն՝ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և արժանի է լինելու սիրված, ընդունված ու պաշտպանված:

ՀԿ-ի առաքելության գաղափարախոսությունն է դառնալ մի մեծ ու ջերմ ընտանիք, որտեղ կողք կողքի կլինեն թե՛ մասնագետները, թե՛ ծնողներն և թե՛ երեխաները՝ ամրապնդելով այն հաստատուն կամուրջը, որտեղ ծնողները հնարավորություն ունեն կիսվելու իրենց հաջողված պատմություններով, ինչը ոգեշնչման և ուժի աղբյուր է դառնում մյուսների համար։ Այս նախագծի ամբողջական գաղափարախոսությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ աշխարհում չկա ավելի անարատ ու մաքուր ուժ, քան երեխայի լույսն ու ժպիտն է, և որ արվեստի, սիրո ու ջերմության միջոցով հնարավոր է հաղթահարել ցանկացած պատնեշ։

Նախագիծն իր շուրջն է համախմբել մեծ թվով համախոհների, այդ թվում՝ հանրությանը քաջ հայտնի և սիրված դեմքերի։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են բերել 43 հանրաճանաչ անձինք, որոնց թվում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև 44-օրյա պատերազմի մեր քաջ մասնակիցները, ովքեր իրենց օրինակով և ներկայությամբ ուժ ու վստահություն են փոխանցել բոլորին։


Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է եկել հանրությանն ուղղված հատուկ կոչով ու մաղթանքով, և որպեսզի այս խոսքերն ունենա երկարատև հնչեղություն, իրենց ուղերձները ձեռագիր արտահայտել են կտավների վրա, որոնք դարձել են ցուցահանդեսի անբաժանելի մասը։ Միջոցառմանը բացառիկ հմայք ու հոգևոր ջերմություն հաղորդեցին նաև Անդրանիկ սարկավագն ու Արսեն Գրիգորյանը՝ իրենց հրաշալի ու սիրված երգերով ջերմացնելով ներկաների հոգիները։ Այս օրերին մեր կողքին է եղել «Ձեռքդ տուր» հասարակական կազմակերպությունը, Հայաստանում առաջին ու միակ ներառական մոդելային գործակալության՝ «Արևմոդելս»-ի սաները, ինչպես նաև համար 20, 67 և 112 հանրակրթական դպրոցների աշակերտները։


Եռօրյա ծրագրի հագեցած ընթացքն ապահովել է տաղանդների իսկական հրավառություն։ Հունիսի 1-ին նախագծի հանդիսավոր մեկնարկը տրվեց տոնական մեծ միջոցառմամբ, որտեղ առաջին անգամ ներկայացվեց երեխաների հեղինակած նկարների ցուցահանդեսը և հատուկ ֆոտոշարքը, ինչպես նաև տեղի ունեցան տպավորիչ գեղարվեստական ելույթներ։ Բեմում մեծ խանդավառությամբ հանդես եկան «Happy Way» դասապատրաստման և զարգացման կենտրոնի սաները՝ ներկայացնելով հայկական պարի հրաշալի կատարումն ու պարային համարը՝ պարուսույց Լիլիթ Մինասյանի գլխավորությամբ։ Հայկական պարի ազնվությունն ու նրբությունը իր մենապարով փոխանցեց մեր գեղեցկուհի Անահիտը, ով բարձր մակարդակով կատարեց ավանդական «Ուզունդարա» պարը։

Հանդիսատեսի ջերմ ծափահարություններին արժանացան նաև Աջափնյակ գեղագիտական կենտրոնի «Ֆորս» պարային ստուդիայի փոքրիկները, որոնց ելույթը պատրաստել էին կենտրոնի տնօրեն Գևորգ Մանուկյանը, գեղարվեստական ղեկավար Արևիկ Գևորգյանն ու պարուսույց Լիլիթ Մինասյանը։ Իրենց տաղանդով միջոցառումը գեղեցկացրին նաև «Սեբաստիա» մշակութային կենտրոնի սաները՝ տնօրեն Թագուհի Զաքարյանի, գեղարվեստական ղեկավար Արմինե Գաբրիելյանի, խմբավար Տաթևիկ Հարությունյանի և պարուսույց Նաիրի Ազատյանի ղեկավարությամբ՝ հրաշալի կերպով կատարելով «Վասպուրական» պարը , «Ջուր կուգեր» և «Աղվեսն եկավ» երգերը։

Տոնական եռօրյակը շարունակվեց հունիսի 2-ին՝ ծնող-երեխա ընտանեկան ջերմ միջոցառմամբ, որտեղ համատեղ ավանդական հայկական պարերն ու ուրախ ժամանցը խաղավարի մասնակցությամբ էլ ավելի ամրապնդեցին հարազատների միջև կապը։ Իսկ հունիսի 3-ին կայացավ ամփոփիչ ու ամենախորհրդանշական օրը, որը նվիրված էր արտ-թերապևտիկ ստեղծագործական աշխատանքին. «Նկարիր քո երազանքը» խորագրի ներքո ծնողներն ու երեխաները միասին կտավին հանձնեցին իրենց ընդհանուր երազանքները։

Այս նախագծի ամենաառանցքային և հուզիչ կողմերից մեկը կապված է լուսանկարների ստեղծման ընթացքի և դրանց հեղինակի հետ։ Ցուցահանդեսում ներկայացված բոլոր բացառիկ կադրերի, երեխաների ու հանրահայտ մասնակիցների մաքուր էմոցիաների և անկեղծ հայացքների հեղինակը լուսանկարիչ Էդմոնդ Հովհաննիսյանն է։ Էդմոնդն ունի առողջական որոշակի խնդիրներ և առանձնահատկություններ, սակայն հենց դա է պատճառը, որ նա աշխարհին ու երեխաներին նայում է բոլորովին այլ՝ ավելի խորը, զգայուն և սրտացավ հայացքով։ Նրա կյանքի պատմությունն ու աշխատանքը լավագույնս ապացուցում են «Քայլենք միասին» նախագծի բուն իմաստը. սահմանափակումները միայն մեր մտքում են, իսկ տաղանդն ու մաքուր հոգին սահմաններ չունեն։ Էդմոնդը կարողացել է յուրաքանչյուրի հետ գտնել հոգեբանական այն նուրբ թելը, որի շնորհիվ լուսանկարները ստացվել են ոչ թե պարզապես պատկերներ, այլ հոգու պատմություններ։

«Քայլենք միասին» ՀԿ-ն և նախագծի կազմակերպչական թիմը շնորհակալություն են հայտնում բոլոր աջակիցներին և լրատվամիջոցներին՝ այս նախաձեռնությանն անդրադառնալու համար։ Սա պատմություն է ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության, այլև կամքի ուժի, տաղանդի, հանրային համախմբվածության և այն մասին, թե ինչպես կարող ենք իրար թև ու թիկունք լինելով փոխել կյանքեր։ Մենք ուզում ենք, որ երեխաների երազանքները կատարվեն, իսկ դրա համար մենք պետք է քայլենք միասին՝ տեսնելով, լսելով ու արժևորելով յուրաքանչյուրի ներքին լույսը։


