Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան Zarkerak - Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
Zarkerak Zarkerak - Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանն ուղղված տարածաշրջանային նոր Lead4Peace ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը․ այն կազմակերպել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը (UN Women)՝ նպաստելու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանանց առաջնորդության բարելավմանը, գենդերային հավասարությանը, խաղաղ ու դիմակայուն միջավայրի ստեղծմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Բացման խոսքում նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Դանիայի կառավարությանը ծրագրի ֆինանսավորման համար և ընդգծել, որ գենդերային հավասարության ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հնարավորությունների ընդլայնումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին ոչ միայն արդարության և հավասար հնարավորությունների հարց է, այլև երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման։

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողականորեն իրականացնում է քաղաքականություններ և ծրագրեր, որոնք նպաստում են կանանց տնտեսական ակտիվության բարձրացմանը, զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, ընտանեկան և աշխատանքային կյանքի համատեղելիության ապահովմանը, ինչպես նաև գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերի կատարելագործմանը»,- շեշտել է նախարարը։

 

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև տեղական և միջազգային գործընկերների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ նշելով պետական ծրագրերի արդյունավետ իրականացման, նոր նախաձեռնությունների մշակման, իրականացվող քաղաքականությունների գնահատման և լավագույն փորձի ներդրման գործում ունեցած նրանց էական դերը։

 

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն նույնպես կարևորել է Հայաստանի՝ տարածաշրջանային այս ծրագրում ընդգրկվելը.

 

«Միանալով այս նախաձեռնությանը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանային համայնքի մի մասը, որը հանձնառու է գիտելիքի, փորձի և լուծումների փոխանակման միջոցով առաջ մղել կանանց առաջնորդությունն ու տնտեսական հզորացումը, ամրապնդել գենդերազգայուն կառավարումը, արագացնել կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված ջանքերը և խթանել կանանց բովանդակալից մասնակցությունը խաղաղաշինության և անվտանգության գործընթացներին»։

 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն, Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը, գործընկերներ Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

 

01 Հուլիս, 2026 13:18
Վեր