«Իրենք էլ հասկանում են՝ ես իրենց մայրիկը չեմ». ՀՀ-ում ավելացել են խնամատար ընտանիքները և որքան են վարձատրվում Zarkerak - «Իրենք էլ հասկանում են՝ ես իրենց մայրիկը չեմ». ՀՀ-ում ավելացել են խնամատար ընտանիքները և որքան են վարձատրվում
Zarkerak Zarkerak - «Իրենք էլ հասկանում են՝ ես իրենց մայրիկը չեմ». ՀՀ-ում ավելացել են խնամատար ընտանիքները և որքան են վարձատրվում
«Իրենք էլ հասկանում են՝ ես իրենց մայրիկը չեմ». ՀՀ-ում ավելացել են խնամատար ընտանիքները և որքան են վարձատրվում

«Իրենք էլ հասկանում են՝ ես իրենց մայրիկը չեմ». ՀՀ-ում ավելացել են խնամատար ընտանիքները և որքան են վարձատրվում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում 104 խնամատար ընտանիքում ապրում է 178 երեխա՝ հոգեզավակ, 1-ից ավելի երեխաներ խնամող  ընտանիքների թիվը 45 է: Անդրադառնալով Հայաստանում խնամատարության ինստիտուտին՝ ի պատասխան Zarkerak.am-ի հարցման նշել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս ընտանիքներում հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտված երեխաները. ծնողները մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, խուսափում են ծնողական պարտականությունը պատշաճ կատարելուց, դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, մահացած, անհայտ բացակայող:

Նման պայմաններում հայտնված երեխաների խնամքով զբաղվելու համար Երևանի քաղաքապետարան կամ մարզպետարաններ կարող են դիմել ոչ միայն զույգերը, այլ ՀՀ-ում մշտապես բնակվող անհատները: Պարտադիր պայմաններից է, որ խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարվանից ոչ պակաս և 50-ից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55-ը: Ի  թիվս տարբեր փաստաթղթերի, ուսումնասիրվում են անձի կենսապայմանները, որոշ հիվանդություններ չունենալը, հասարակական կարգի, բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ կատարած չլինելը, դատվածություն չունենալը, մարմնավաճառությամբ չզբաղվելը, թմրանյութերից, ալկոհոլոից կախվածություն չունենալը և այլն: 

Նշեցին, որ ըստ պլանավորած բյուջեի, նախատեսվում է 2025-ին խնամատար ընտանիքների թիվը հասցնել 130-ի(պարտադիր վերապատրաստված, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թիվը շուրջ 30 է), ընտանիքներում ապրող երեխաների թիվը՝ 190-ի: 2022-ին խնամատար ընտանիքների թիվը կազմել է 90, երեխաների թիվը 122, 2023-ին՝ 115, երեխաների թիվը՝ 150, 2024-ին ՝ ընտանիքների 111, երեխաների թիվը 170:

Նախարարությունից հայտնեցին, որ 178 երեխաներից առողջական խնդիրներ ունեն 14-ը՝ հիմնականում   մտավոր զարգացման խնդիրներ, վերջիններիս խնամքն ապահովվում է 12 մասնագիտացված ընտանքիներում, 4-ը՝ Երևանում են:  

Ընտանիքների մեծ մասում խնամատարությունը շարունակվում է մինչև 18 տարեկանը, առողջական խնդիր ունեցողներինը՝  մինչև  23-ը: Խնամատարությունը համարվում է աշխատանքային ստաժ,  ծնողին տրամադրվում է ամսական 145,000 դրամ՝ որպես աշխատավարձ և երեխայի խնամքի համար միջոց: Մասնագիտացված խնամատար ծնողի դեպքում՝  յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով:

Նախարարությունից վստահեցրին, որ Երևանի քաղաքապետարանի կամ մարզապետարանի աշխատակիցները խնամատարության ամբողջ ընթացքում հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների միջոցով վերահսկում են երեխայի կենսապայմանները, առողջական վիճակը, դաստիարակության պայմանները և այլն: 

ԱՍՀՆ-ից ուշադրություն հրավիրեցին հանգամանքին, որ  ի տարբերություն որդեգրման,  խնամատարության դեպքում կենսաբանական ծնողների հետ կապը պահպանվում է, եթե երեխային շահին չի վնասում տեղի են ունենում նաև հանդիպումներ, անհրաժեշտության դեպքում  խնամատարությունը վերահսկող մասնագետի ուղեկցությամբ և ներկայությամբ:  Եթե ծնողը չի զրկվել ծնողական իրավունքներից, շարունակում է ստանձնել դրանք: Նաև հնարավորության դեպքում խրախուսվում է երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք: 

Ի՞նչ է  կատարվում խնամատար ընտանիքի ներսում

Աննայի (անունը փոխված է) խնամատար ընտանիքն ապրում է ՀՀ մարզերից մեկում, շուրջ երկու ամիս է՝ այստեղ են ապրում 9-ը և 15 տարեկան քույրեր:

ՀՀ օրենսդրությամբ արգելված է եղբայրներին ու քույրերին առանձին խնամատար ընտանիքների հանձնելը, բացառությամբ որոշ դեպքերի:  

«Նաև 14 տարեկան տղա ունեմ, երեխաները հայտնվել էին առանց ծնողական խնամքի, թեև ունեն մայր: Նրա հետ կապը միայն հեռախոսով է, այցեր դեռ չեն եղել, մեր տուն արգելվում է գալ: Եթե ուզենա հանդիպել, պետք է լինի չեզոք վայրում՝ մարզպետարանում», - պատմեց Աննան:

Նշեց, որ շատ է ցանկացել է շատ երեխաներ ունենալ, պատրաստ է եղել երեխա որդեգրել, բայց բյուրոկրատական քաշքշուկի հետևանքով այդ մտքից հրաժարվել է, նախընտրելով դառնալ խնամատար ծնող.«Թղթաբանությունն այս հարցում էլ բավական երկար է տևում: Գրանցվելուց հետո անցել եմ օնլայն վերապատրաստում՝ 10-ը դասեր, քանի որ ես էի դիմումը գրել,  ես եմ միացել դասերին: Այնուհետև մարզպետարանը մեզ տվել է ցուցակ, նայել ենք  ըստ տվյալների՝  տարիք, ընտանեկան վիճակ, առողջական կարգավիճակ: Ցուցակում շատ կան առողջական խնդիրներով երեխաներ, և ավելի շատ են մի ընտանիքից երկուսից ավելի երեխաներ, քանի օր օրենքը թույլ չի տալիս առանձնացնել. ամեն մարդու բան չէ մի քանի երեխա տանել-պահել»:

«Ինձ համար բացարձակ կարևոր չէ՝ ինձ ինչպես կդիմեն, մեզ «մայրիկ-հայրիկ»  կասեն թե ոչ. իրենք էլ հասկանում են, որ ունեն մայրիկ, ես իրենց մայրիկը չեմ: Դեռ նոր են մեր ընտանիքում, ցանկացած պարագայում  պետք է իրար ճանաչենք՝ բնավորությունից մինչև սովորություններ:  Գլոբալ խնդիրներ չունենք, յուրաքանչյուրը մի ձևով է  ադապտացվում, մենք էլ հասկանում ենք՝ նախկին կյանքից եկել են նոր կյանք, հարցերն ավելի շատ կենցաղային են, ոչ թե հոգեբանական»:  

Խոսելով պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներից՝ Աննան նշեց.«Տրվող գումարը,իհարկե, բավարար չէ երեխայի բոլոր ծախսերը հոգալու համար: Բայց խնամատարության գնացողները հենվում են ոչ թե այն մտքի վրա, որ պետությունը կպահի, այլ որ պետությունը կողքից կաջակցի: Գումարը բավարար չէ, բայց վատ չի, կարծում եմ՝ եթե գումարի շեմը շատ բարձր լինի, շատերը գումարի համար կգնան այդ քայլին, ինչը ոչ մի լավ տեղ չի տանի»:

 

Մարիամ Մկրտչյան

 

14 Ապրիլ, 2025 17:57
Վեր