Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախորդ տարիների համեմատ դիմորդների թիվը էական փոփոխություն չի կրել, բայց եթե համեմատենք մոտ 10 տարի առաջվա հետ, ապա կարող եմ ասել, որ նվազել է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Պատճառները մի քանիսն են՝ առաջինը նյութական գործոնն է։ Ուսման վարձերը թանկացել են, բուհերի մեծ մասը գտնվում է Երևանում, որտեղ կացության, բնակարանի և ընդհանուր ապրելու ծախսերը բարձր են։ Շատ մարզերում ապրող ընտանիքներ պարզապես չեն կարող իրենց երեխաներին ուղարկել Երևան սովորելու»,-նշեց փորձագետը։
Ըստ նրա՝ երկրորդ պատճառն 12-ամյա կրթական համակարգն է։ «Շատ աշակերտներ արդեն 11-12-րդ դասարաններում սկսում են աշխատել, ստանում են որոշակի եկամուտ և մտածում են՝ ինչու ծախսել մի քանի միլիոն դրամ բարձրագույն կրթության վրա, եթե արդեն ունեն աշխատանք։ Իսկ արդեն երրորդ խնդիրն այն է, որ դպրոցներում ավելացել է ցածր առաջադիմությամբ աշակերտների թիվը։ Նրանք իրատեսորեն գնահատում են իրենց հնարավորությունները և հաճախ չեն ընտրում բուհը՝ համարելով, որ չեն կարող հաջողել այնտեղ։ Բացի այդ, նախկինի համեմատ նվազել է նաև հասարակական ու ընտանեկան ճնշումը։ Առաջ, եթե մեկը չէր ընդունվում բուհ, դա մեծ քննարկման թեմա էր դառնում, հիմա նման ճնշումներ գրեթե չկան»-հավելեց Սերոբ Խաչատրյանը:
Նա նշեց, որ ուսանողների մեծ մասը բուհ են ընդունվում հիմանկանում դիպլոմ ստանալու համար, սակայն դա կախված է մասնագիտությունից։ Նա նաև նկատեց, որ շատերն ընտրում են ոչ թե սիրած մասնագիտությունը, այլ այն, որը ավելի եկամտաբեր է։ Կան մարդիկ, որոնք կարող էին լավ ուսուցիչ դառնալ, բայց չեն ընտրում այդ ուղին՝ ցածր վարձատրության պատճառով։
Սերոբ Խաչատրյանի կարծիքով այսօր պահանջված մասնագիտություններից են՝ բժշկությունը, իրավագիտությունը, հոգեբանությունը, տնտեսագիտությունը, ինչպես նաև վերջին շրջանում ճարտարապետությունն է դարձել շատ պահանջված՝ շինարարական ակտիվության պատճառով։
Անդրադառնալով խնդիրներին՝ փորձագետը նշեց, որ ամենակարևոր խնդիրներից մեկը ընդհանուր միջավայրն է։ «Կրթությունը չի կարող զարգանալ, եթե հասարակության մեջ կան սոցիալական, արժեքային խնդիրներ։ Կրթության որակը բարելավվելու համար անհրաժեշտ են դրական օրինակներ. հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում պետք է գերակշռի որակյալ բովանդակությունը։ Այսօր հաճախ ավելի տեսանելի են դառնում այն մարդիկ, որոնք ագրեսիվ կամ ոչ կառուցողական լեզու են օգտագործում, ինչը բացասաբար է ազդում դպրոցականների վրա: Քանի դեռ արժեքային խնդիրները չեն լուծվել, կրթության մեջ ներդրված մեծ գումարներն էլ չեն տալու սպասվող արդյունքը»-եզրափակեց նա։
Սաթենիկ Խաչատրյան


