Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդհանրապես պետք է հասկանալ, թե մենք և Ադրբեջանն ուզում ենք փոխադարձաբար անկլավ-էքսկլավ ունենալ, թե՞ չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և սահմանազատման քարտեզների մասին հարցին:
«Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով: Դեռևս Պրահայում, երբ որ արձանագրվել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզները որոնք են եղել, որոնք ոչ թե լավն են եղել կամ վատը, այլ որ ունեցել են իրավական ուժ, որի արդյունքում եկել հասել ենք այս պահին:
Կրկին անդրադառնալով Տիգրանաշեն/Քյարքիի խնդրին վարչապետը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես են լուծվելու այդ հարցերը, որը գլխավորապես կապված է սահմանազատման հարցի հետ:
«Ընդհանրապես պետք է հասկանալ, թե մենք և Ադրբեջանն ուզում ենք փոխադարձաբար անկլավ-էքսկլավ ունենալ, թե՞ չէ: Դա մեր կյանքը հեշտացնում է, թե՞ բարդացնում է: Սա էլ է մտածելու հարց: Եթե երկկողմ զգանք, որ այն մեր կյանքը բարդացնելու է, ուրեմն պետք է լուծումներ գտնենք: Եթե գտնում ենք, որ կյանքը հեշտացնում է, ուրեմն ուրիշ լուծումներ պետք է գտնել»
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը չի ընդունել, որ Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդն է Փաշինյանը ասաց. «Մենք արդեն Ադրբեջանի հետ ունենք վավերացված և պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որտեղ ընդգծվում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման համար բազային սկզբունք է, և մենք ընդունել ենք Անկախության հռչակագիր, որտեղ ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղությունը, և մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որ մենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ճանաչելով նախկին ԽՍՀՄ պետությունների սահմանները, այս հենքի վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»:


