Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Զվարթնոց» օդանավակայանում, Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո, չեմպիոն հռչակված Կարեն Ասլանյանը հարցազրույց է տվել լրագրողներին։
«Այս աշխարհի առաջնությունում ավելի սառնասիրտ էի, հանգիստ և հավաքված: Շատ լավ աշխատանք էինք տարել թիմով:
Գոտեմարտերից առաջ իմ առջև նպատակ չէի դնում արագ վերջացնել: Դուրս էի գալիս իմ գործն անելու, շատ հանգիստ և առանց ավելորդ մտքերի: Շատ հանգիստ էի: Այսկերպ ավելի լավ ստացվեց: Վերջապես, Աստծո կամքով, ոսկին նվաճեցի:
Մեր թիմը շատ մեծ աշխատանք էր տարել աշխարհի առաջնությունից առաջ: Գորգի վրա կարողանում էի լսել մարզիչներին և անել այն, ինչ մշակել էինք հավաքների, մարզումների ընթացքում:
Չեմ կարծում և չեմ կարող ոչ մի դեպքում ասել, որ իմ ոսկե մեդալով թիմին փրկեցի: Չեմ համարում, որ մեր թիմը փրկվելու կարիք ունի, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, թե հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները որքան հզոր են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին: Ամեն մեկն իր լուման ունի այս հաղթանակում: Մրցավայրում բոլորս միմյանց օգնում էինք, նույն Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը. շատ ենք օգնել իրար: Սա բոլորիս հաղթանակն է և սա սպորտ է. մի օր մեկը պարտվում է, մյուսը հաղթում: Թիմի փրկվելու մասին խոսք չի կարող լինել: Բոլորը գիտեն Մալխասի ուժը. նա աշխարհի ամենակայուն ըմբիշներից մեկն է»,- ասել է Կարեն Ասլանյանը:

