Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսկ եթե մեծ ֆուտբոլի քո ճանապարհը սկսվի հենց քո բակից ու տանի մինչև «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա՞։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք նոր մրցույթ ենք սկսում մեր բակերի ֆուտբոլասեր երեխաների համար։
Մրցում են բակերը։ Իսկ մրցանակը՝ «Յուվենտուս» ակադեմիայում մարզվելու հնարավորություն։
Ի՞նչ պետք է անեք։
Եթե ձեր բակում մենք նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, ապա հավաքվե՛ք ձեր բակի թիմով ու պատմե՛ք ձեր պատմությունը։
Նկարահանե՛ք մինչև 60 վայրկյան տևողությամբ ուղղահայաց տեսանյութ ձեր ֆուտբոլի դաշտում։
Ցո՛ւյց տվեք ձեր թիմը, ձեր խաղը, ձեր բակի ֆուտբոլային առօրյան։
Պատմե՛ք՝ ինչպիսին էր ձեր բակը նախկինում, ինչ է փոխվել նոր դաշտի կառուցումից հետո, ու ինչու եք հենց դուք արժանի դուրս գալու մեծ խաղադաշտ։
Ինչպե՞ս մասնակցել։
Տեղադրե՛ք տեսանյութը ձեր Instagram-ի, Facebook-ի կամ TikTok-ի էջում՝ հրապարակային (public) կարգավորմամբ։
Գրառման մեջ նշե՛ք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը և ավելացրե՛ք #ԻմԲակիցՄեծՖուտբոլ հեշթեգը։
Տարածե՛ք տեսանյութը, հավաքե՛ք ձեր բակի ընկերներին, հարևաններին ու երկրպագուներին։ Թող բոլորը տեսնեն ու աջակցեն ձեր թիմին՝ հավանումներով, մեկնաբանություններով ու տարածումներով։
Իսկ հետո՞։
Ներկայացված տեսանյութերից կընտրենք բակերի 4 լավագույն պատմությունները՝ հաշվի առնելով տեսանյութերի բովանդակությունը, ստեղծագործական մոտեցումը և հանրության արձագանքը։
Այդ 4 բակերի երեխաների համար կկազմակերպենք ֆուտբոլային հանդիպումներ։
Եվ արդեն ֆուտբոլի դաշտում, խաղի ընթացքում, մասնագետները կընտրեն 4 լավագույն պատանի ֆուտբոլիստներին, որոնք հնարավորություն կստանան մարզվելու Երևանում նորաբաց «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիայում՝ Երևանի քաղաքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ։
Տեսանյութերի հրապարակման վերջնաժամկետը՝
Նոյեմբերի 29
Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը պետք է հրապարակվի երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
Հավաքի՛ր բակիդ թիմը, պատմի՛ր ձեր պատմությունն ու պատրաստվի՛ր մեծ խաղին»,-նշել է նա:

