Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն իր դիրքորոշումն է ներկայացրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կանոնադրությունում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.
«Նախաբան
Սույն գրությունը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական դիրքորոշումը քննարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք նաև գրավոր տարբերակով, քանի որ ակումբի ղեկավար անձնակազմը 2026 թվականի նոյեմբերի 4-ին գտնվելու է Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում, որտեղ «Արարատ-Արմենիան» հանդիպելու է «Տորենսեի» հետ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի շրջանակում։
Սույն գրությունը պատրաստվել է՝ հիմք ընդունելով արդարության, անկեղծության և բացառապես Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն ուղղված սկզբունքները։ Այն չի հետապնդում պոպուլիստական նպատակներ և միտված չէ որևէ կոնկրետ անձի օգտին կամ դեմ դիրքորոշում արտահայտելուն։
Առաջին հերթին պետք է նշել, որ թեև իրավական առումով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի արտահերթ ժողովը հրավիրվել է ՀՖՖ անդամների (ակումբների) նախաձեռնությամբ, սակայն իրականությունն այլ է։ Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները։ Առնվազն մեզ հայտնի չէ որևէ ակումբ, որն այդ գործընթացում նման դերակատարում է ունեցել։ Ակումբները պարզապես, ստորագրելով փաստաթուղթը, հայտնել են իրենց ցանկությունը՝ մասնակցելու արտահերթ ժողովին, որի ընթացքում պետք է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՆ առաջարկվող փոփոխությունները։
Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Արարատ-Արմենիան» արտահերթ ժողովի նախաձեռնողներից մեկն է և կողմ է առաջարկվող փոփոխություններին։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ միացել է նախաձեռնությանը՝ նախապես իմանալով, որ քվորումն արդեն ապահովված է, ինչպես նաև նպատակ ունենալով լսել մյուս ակումբների դիրքորոշումներն ու հիմնավորումները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Հայտարարության տարածման պահին հայտնի չէր նաև արտահերթ ժողովի անցկացման ժամկետը, և դա թույլ էր տալիս հուսալ, որ «Արարատ-Արմենիան» նույնպես կկարողանա իր ներկայությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը քննարկվող հարցերի շուրջ։
Ակումբի վերլուծությունն ու եզրահանգումները
Առաջարկվող փոփոխություններն են.
- Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար սահմանված երկու պահանջների վերացումը, այն է՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերենին տիրապետելու պահանջները.
- սահմանել, որ եթե Գործադիր կոմիտեի նախագահը, փոխնախագահը կամ անդամները համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել են երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարելու դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
Առաջին կետի վերաբերյալ բերվում է այն հիմնավորումը, թե իբր նշված պահանջները կարող են անհամաչափորեն նեղացնել հնարավոր թեկնածուների շրջանակը։ Թե ինչ է նշանակում «անհամաչափորեն», նախագծում չի բացատրվում։
Եթե Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի մշտապես բնակվելու պահանջը կարելի է քննարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են իրականում գտնվել 25 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք տիրապետում են հայերենին, սակայն վերջին տարիներին աշխատել են արտերկրում և ցանկություն ունեն հավակնելու Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին (այդ թվում՝ ՀՖՖ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնին), ապա մյուս կետը շատ ավելի խնդրահարույց է։
Հայերենին տիրապետելու պահանջը բացառելը խիստ քննադատելի է, եթե չասենք՝ խայտառակ առաջարկ է։ Գործադիր կոմիտեի անդամը պետք է տիրապետի հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին, հասկանա տեղի մենթալիտետն ու առանձնահատկությունները, կարողանա «լեզու» գտնել տարբեր շրջանակների հետ։ Էլ չենք խոսում ուղղակի վարչարարությամբ զբաղվելու մասին, ինչը նույնպես ենթադրում է հայերենի իմացություն։
Այդ պահանջը բացառելը կարող է էլ ավելի ծանրացնել հայկական ֆուտբոլի վիճակը։
Հատկանշական է, որ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը նույնպես ենթադրում է հայերենի իմացություն։ Տվյալ պարագայում կանոնադրությունը, մի կողմից, որպես պայման սահմանում է ՀՀ քաղաքացիության առկայությունը, իսկ մյուս կողմից՝ ներկայումս առաջարկվում է հանել հայերենի իմացության պահանջը։
Ակումբը միանշանակ դեմ է նման փոփոխությանը և քվեարկելու է «Դեմ»։
Միաժամանակ, հիմք ընդունելով պարզ և անկեղծ կարծիք արտահայտելու սկզբունքը՝ «Արարատ-Արմենիան» կարծում է, որ նշված փոփոխությունները չեն առաջացել ինքնաբերաբար և չեն բխում որևէ համակարգային բարեփոխման անհրաժեշտությունից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ հենց այս փոփոխությունները։
Պատասխանը պարզ է․ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ փորձ է արվում փոփոխել կանոնադրությունը՝ այն համապատասխանեցնելով կոնկրետ թեկնածուի, կոնկրետ անձի համար։ Այս մոտեցումը ոչ միայն ընդունելի չէ, այլև խստիվ դատապարտելի է։ Ֆուտբոլը պետք է հիմնվի արդարության, հավասարության, մրցակցության և թափանցիկության հիմնարար սկզբունքների վրա։
Նույն մոտեցումը կիրառելի է նաև երկրորդ կետի փոփոխության դեպքում։ Ո՞ւմ համար է արվում այս փոփոխությունը, ինչո՞ւ հենց հիմա, ո՞վ է Գործադիր կոմիտեի այն անդամը, որը պաշտոնավարել է երկու տարուց պակաս և ցանկանում է պաշտոնավարել ևս մեկ ժամկետով։ Դատողությունը թողնում ենք ֆուտբոլային հասարակությանը։
Տվյալ պարագայում փորձ է արվում «անհայտ» նախաձեռնողի ձեռքով, հապճեպ ու հախուռն որոշումներով կյանքի կոչել մի նախագիծ (փոփոխությունների փաթեթ), որը, ըստ էության, ենթադրում է ինչ-որ անձի թեկնածության առաջադրումը առաջիկա ընտրություններում։
Ամփոփելով վերոգրյալը՝ «Արարատ-Արմենիան» հայտնում է, որ ներկայացված նախագծին դեմ է քվեարկելու»։

