Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե խոսում ենք ընդդիմության մասին, նախ և առաջ իրենք պետք է պատասխան տան իրենց ընտրակաշառքների մասով, պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես կաշառք բաժանողները, այնպես էլ վաղ թե ուշ քաղաքական ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ նրանց գլուխները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակացության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ընտրատեղամասերի ձայների չեղարկմանը՝ Վարդանյանը նշեց. «Չեղարկվել է ամբողջ ընտրատեղամասի քվեարկությունը, որտեղ նաև ՔՊ-ին տրված ձայներն էին, չեմ հասկանում մեղադրանքն ինչում է: Վերաքվեարկության մասով ԿԸՀ-ն տվել է պարզաբանում, ինչը հրապարակային է և կարող են ընդդիմադիրները ծանոթանալ դրան: Ընդդիմադիր ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքները վկայում են այն մասին, որ իրենց ստացած ձայների առնվազն մի մասը լեգիտիմ չէ և ձևավորված է ընտրակաշառքներով: Ընտրակաշառքների մասով իրավապահները պետք է կատարեն իրենց գործառույթները, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են, որ կարելի է ժողովրդի իշխանությունը զավթել ոչ օրինական ձևով՝ պետք է պատասխան տան, որովհետև այստեղ կանգնած է պետության, պետականության հարցը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ձայներին, ապա դրանք հաշվարկվել են նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մյուսներինը: ՔՊ-ն ստացել է ավելի շատ ձայներ, քան՝ 2021 թվականին»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ղեկավարների ՀՀ-ից հեռանալու փորձին և դա որպես անձնական այց ձևակերպելու մասին հարցին՝ Վարդանյանն ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են ընտրություններին մասնակցած և մանդատներ ստացած քաղաքական ուժերի ղեկավարները որոշել հետընտրական այս շրջանում վեր կենալ ու անձնական հարցերով բացակայել երկրից, երբ քաղաքացիներին ինչ-որ կոչեր են անում: Սա ցույց է տալիս, որ քաղաքացիներն իրենց համար գործիք են»:


