Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազատությունից զրկվածների թիվը 3000-ը հատել է, բայց դեռ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը: Այսինքն՝ անցած տարվանից այդ դինամիկան մենք ունենք: Այդ մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին ասաց նախարար Սրբուհի Գալյանը:
«Ինչ-որ պահի տարբերությունը հասնում էր 80-ի, հիմա տարբերությունը 20 է: Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են դրա մասին խոսում:
Անցած տարվա մեր քննարկումներից հետո նկատեցինք, որ կալանավորների թիվը նվազում է, դրա համար 5 տարվա մեջ առաջին անգամ գրանցեցինք այդ արդյունքը, որ դատապարտյալների թիվն աճեց կալանավորների թվից»,- ասաց նա:
Նախարարը նաև կարծիք հայտնեց, թե տնային կալանքը խնդրի լուծում չէ, քանի որ շատ հաճախ գալիս է փոխարինելու խափանման միջոցին:
Գալյանը նաև կապ տեսավ դատավարությունների արագության և կալանավորների թվի կրճատման միջև:
«Երբ ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, տեսանք, որ 5 տարի և ավելի կալանք կրող անձինք ունեինք, ինչը շատ ցավալի և ոչ ընդունելի փաստ է մեզ համար, ու մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ֆենոմենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախ փոփոխությամբ»,- ասաց նա:


