Վերջին ամիսներին ռուսական և հայաստանյան պրոռուսական շրջանակների կողմից անընդհատ քննադատության է արժանանում Հայաստանի եվրոպական ուղղությունը։ Տպավորություն է ստեղծվում, թե նրանց գլխավոր մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարող է շուտով անդամակցել Եվրամիությանը և դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Սակայն իրականությունն այլ է։
Բոլորը շատ լավ հասկանում են, որ նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում Հայաստանը մոտակա 10-20 տարիներին դժվար թե դառնա Եվրամիության անդամ։ Դա երկար, բարդ և բազմափուլ գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումներ։ Այսինքն՝ ԵՄ անդամակցության հեռանկարը նրանց իրական զայրույթի պատճառը չէ։ Իրական պատճառը շատ ավելի գործնական է։
Ռուսաստանին և նրա շահերը ներկայացնող ուժերին անհանգստացնում է այն հեռանկարը, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հաղորդակցությունների կարևոր հանգույց՝ առանց ռուսական վերահսկողության։ Խոսքը նախ և առաջ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման և TRIPP նախագծի մասին է։
Եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, Հայաստանը կստանա անմիջական ցամաքային կապ Եվրոպայի և Միջերկրական ծովի շուկաների հետ։ Երկիրը կդադարի արտաքին աշխարհի հետ կապվելու համար հիմնականում կախված լինել Վերին Լարսից կամ ռուսական տարածքից անցնող ուղիներից։
Եթե գործարկվեն նոր տրանսպորտային և առևտրային միջանցքները, Հայաստանը կարող է դառնալ Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր օղակ։ Այդ դեպքում բեռները, ներդրումները և տնտեսական ակտիվությունը կսկսեն շրջանցել Ռուսաստանին՝ ստեղծելով նոր տնտեսական աշխարհագրություն Հարավային Կովկասում։ Հենց այստեղ է թաքնված հիմնական խնդիրը։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության կարևորագույն լծակներից մեկը եղել է հաղորդակցությունների, էներգետիկայի և արտաքին տնտեսական կապերի նկատմամբ վերահսկողությունը։ Երբ այդ կախվածությունը սկսում է թուլանալ, թուլանում է նաև քաղաքական ազդեցությունը։
Այդ պատճառով էլ ռուսական քարոզչությունը և նրա տեղական գործընկերները ամեն կերպ փորձում են հասարակության մեջ վախեր տարածել՝ խոսելով աղետների, պատերազմի, տնտեսական կոլապսի կամ ազգային ինքնության կորստի մասին։ Սակայն այս աղմուկի տակ հաճախ թաքնված է շատ պարզ իրողություն. նրանց մտահոգում է ոչ թե Հայաստանի Եվրոպա գնալը, այլ Հայաստանի՝ Ռուսաստանից անկախ տնտեսական և տրանսպորտային ուղիներ ձեռք բերելը։
Եվ որքան ավելի իրական են դառնում այդ հնարավորությունները, այնքան ավելի կոշտ ու ագրեսիվ են դառնում նրանց արձագանքները։
Ի վերջո, պայքարը ոչ այնքան աշխարհաքաղաքական կողմնորոշման, որքան Հայաստանի ինքնուրույնության համար է։ Որովհետև անկախ պետությունն այն չէ, որը պարզապես հայտարարում է իր անկախության մասին, այլ այն որը կարողանում է սեփական կապերը, սեփական տնտեսությունն ու սեփական ապագան կառուցել առանց մեկ կենտրոնից կախված լինելու։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


