Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը:
Պայմանագրով նախատեսվում է՝
1) վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում,
2) ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։
Պայմանագրի հիմնական սկզբունքներն են՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարմանը մասնակցող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովումը, կողմերի ազգային օրենսդրության պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարում իրականացնելու ընթացքում վերահսկելի օբյեկտի պահպանվածության և դրա նկատմամբ հսկողության ապահովումը։
Պայմանագրի համաձայն` միջազգային վերահսկելի մատակարարման իրականացման ընթացքում իրավասու մարմինների հիմնական խնդիրներն են՝ միջազգային, միջտարածաշրջանային հանցավոր կապերի, ուղիների և վերահսկելի օբյեկտների տեղափոխման երթուղիների հայտնաբերումը, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումն ու պարզումը, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների, հասարակության, ազգային անվտանգության, պետության համար սպառնալիք առաջացնող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը։

