Բաքվում մի կողմից հայտարարում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, որ այլևս խնդիրներ չկան, և երկու երկրները պետք է առաջ շարժվեն խաղաղության ճանապարհով։ Բայց մյուս կողմից՝ շարունակում են հայտարարություններ անել այնպիսի հարցերի շուրջ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական, այլև չափազանց զգայական նշանակություն ունեն։
Դրանցից մեկը Արցախի հայկական եկեղեցիները այսպես կոչված «աղվանական» ներկայացնելն է։ Հարց է առաջանում՝ եթե հակամարտությունն իսկապես ավարտված է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում զբաղվել հայկական պատմության վերաձևակերպմամբ։ Ինչո՞ւ է պետք փոխել հայկական եկեղեցիների պատմությունը, հայկական ժառանգությունը ներկայացնել որպես «աղվանական», իսկ հայկական հետքը Արցախի պատմությունից աստիճանաբար դուրս մղել։
Սա արդեն պարզապես պատմաբանների բանավեճ չէ։ Սա երկակի քաղաքականության դրսևորում է։ Պատերազմը կարող է ավարտվել, սահմանների հարցի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել, նույնիսկ խաղաղության փաստաթուղթ կարող է ստորագրվել, բայց եթե դրան զուգահեռ փորձ է արվում փոխել անցյալի մասին պատկերացումը, ապա դա նշանակում է, որ պայքարը տեղափոխվել է մեկ այլ դաշտ՝ պատմական հիշողության դաշտ։
Եվ այստեղ Ադրբեջանի քաղաքականության մեջ ակնհայտ հակասություն կա։ Մի կողմից՝ ասում են՝ «անցյալը թողնենք անցյալում», «հակամարտությունն ավարտված է», բայց մյուս կողմից՝ շարունակում են վերադառնալ հենց անցյալին՝ փորձելով որոշել, թե ով է ապրել Արցախում, ով է կառուցել եկեղեցիները և ում է պատկանում այդ մշակութային ժառանգությունը։
Եթե իսկապես Բաքվում ուզում են նոր էջ բացել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, ապա այդ նոր էջը չի կարող սկսվել պատմությունը վերաշարադրելով։ Հայ ժողովուրդը, որքան էլ կողմ լինի խաղաղությանը, չի կարող անտարբեր լինել, երբ իր համար սրբություն հանդիսացող եկեղեցիները ներկայացվում են որպես ուրիշի ժառանգություն։
Որովհետև այստեղ հարցը միայն եկեղեցու պատկանելությունը չէ։ Հարցն այն է՝ արդյո՞ք խաղաղությունը նշանակում է ընդունել նաև այն պատմական պատմությունը, որը մեզ փորձում են պարտադրել։
Եվ եթե Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի հետ հակամարտությունն ավարտված է, ապա պետք է նաև ցույց տա, որ ավարտված է հայկական ինքնության ու պատմական հիշողության դեմ պայքարը։
Հակամարտության ավարտը չի կարող նշանակել, որ պատերազմը պարզապես տեղափոխվել է քարտեզից դեպի պատմության դասագրքեր, եկեղեցիներ և մարդկանց հիշողություն։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


