Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարություն է տվել պատասխանատուներին լուծել մայրաքաղաքում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը։
Ավինյանը նշել է, որ ապօրինի ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ արդեն ձևավորված կարծիք ունի՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։
«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի գործընթացից չօգտվեն պետական համակարգի առանձին պաշտոնյաներ։
«Հաշվի առնելով, որ Երևանում ավտոմեքենաների ավելացող քանակ կա, ես առաջարկում եմ տրանսպորտի վարչությանը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ, բերել ինչ-որ լուծում, որպեսզի այս գործունեությունը լինի օրինական դաշտում, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ գումար չաշխատեն»,-նշեց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ Երևանում կայանումը ամենամեծ խնդիրներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ հատկապես քաղաքի կենտրոնում ամենուր պետք է հասանելի լինի կայանատեղի։
«Երևանում ունենք կայանատեղիներ, որոնք որոշ փողոցներից պետք է դուրս գան, որպեսզի անընդհատ երթևեկությունն ապահովվի և խոչընդոտ չլինի։ Լուծումները շատ արագ պետք է քննարկվեն։ Տրանսպորտային խնդիրների լուծումը պետք է լինի մեր առաջնահերթությունը»,-ասաց քաղաքապետը։


