Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում իրականացվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտի վերականգնում, մոտեցումներում անցումային սալերի և նոր դեֆորմացիոն կարերի իրականացում, նոր ջրամեկուսիչ շերտի և պաստառի տեղադրում։
«Նախատեսվում է նաև ռիգելների, հենարանների և հենապատերի վերանորոգում, բազրիքների ամրացում և ներկում, պաշտպանիչ ցանցերի և արտաքին լուսավորության մալուխատար ուղիների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում և գծանշման իրականացում»,- ասել է նա:
Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։


