Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ենթադրում է, որ կառավարությունը կվճարի անապահովների կենսաչափական փաստաթղթերի համար։ Այդ ենթադրությունը նա հնչեցրել է կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։
Պատասխանելով կենսաչափական համակարգի ներդրման մասին հարցին՝ Սարգսյանը նշել է, որ համակարգը կներդրվի նոյեմբերի 1-ից, առաջին փուլում կգործի 14 գրասենյակ, իսկ մինչև մարտ՝ 23։ Հիշեցնենք, որ նոր անձնագրերի արժեքը կազմում է շուրջ 30 հազար դրամ, իսկ նույնականացման քարտերինը՝ մոտ 6 հազար, ինչը բնակչության զգալի հատվածի համար բոլորովին մատչելի չէ։
Ընդ որում, նույնականացման քարտերի գործողության ժամկետը 10 տարուց կրճատվում է մինչև 5 տարի։ Նրա խոսքով՝ կառավարությունում քննարկվում են սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված փաթեթներ։ Նախարարը դեռևս ձեռնպահ է մնացել այս թեմայով խոսելուց՝ խոստանալով դրան վերադառնալ հաջորդ տարվա սկզբին։ Սարգսյանն ընդգծել է, որ կենսաչափական փաստաթղթերը չեն կարող անվճար լինել, սակայն որոշ խմբերի համար կվճարի պետությունը։
Պատասխանելով նոր համակարգի ներդրման պատճառով հոկտեմբերին անձնագրային բաժիններում հերթագրումները չեղարկելու մասին հարցին՝ նախարարը հայտարարել է, որ հերթագրումները չեղարկել են հինգ օր շուտ, քանի որ եթե քաղաքացին հոկտեմբերի 30-ին կամ 31-ին ներկայանա և փաստաթղթեր ներկայացնի, ֆիզիկապես չեն հասցնի տպագրել ու տրամադրել դրանք։ Այդ պատճառով առաջարկել են անցնել նոր հարթակ և այնտեղ հերթագրվել։


