Ոչ թե անտարբերություն, այլ՝ հոգատարություն. ծերությունը տնից հեռու թանկ հաճույք է․ ինչ արժե ծերերի խնամքը և ուր է պետության «աչքը» Zarkerak - Ոչ թե անտարբերություն, այլ՝ հոգատարություն. ծերությունը տնից հեռու թանկ հաճույք է․ ինչ արժե ծերերի խնամքը և ուր է պետության «աչքը»
Zarkerak Zarkerak - Ոչ թե անտարբերություն, այլ՝ հոգատարություն. ծերությունը տնից հեռու թանկ հաճույք է․ ինչ արժե ծերերի խնամքը և ուր է պետության «աչքը»
Ոչ թե անտարբերություն, այլ՝ հոգատարություն. ծերությունը տնից հեռու թանկ հաճույք է․ ինչ արժե ծերերի խնամքը և ուր է պետության «աչքը»

Ոչ թե անտարբերություն, այլ՝ հոգատարություն. ծերությունը տնից հեռու թանկ հաճույք է․ ինչ արժե ծերերի խնամքը և ուր է պետության «աչքը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեցների խնամքի մասնավոր շուրջօրյա կենտրոնների լիցենզավորում չի իրականացնում, նախարարությունը նման լիազորություն չունի»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՍՀՆ մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ-ում գործում են մասնավոր վճարովի կենտրոններ, որոնք ապահովում են տարեցների շուրջօրյա խնամք, բայց դուրս են ԱՍՀՆ խոշորացույցից: Google-ում բավարար է որոնել այս ծառայությունները մատուցող մասնավոր ընկերությունների և արդյունքում կհայտնվեն գրավիչ գովազդներ, որտեղ թե՛ առողջ, թե՛ առողջական տարատեսակ խնդիրներ ունեցող տարեցներին առաջարկում են հոգատար ու հետևողական խնամք, բժշկական բարձրակարգ ծառայություններ, ժամանց, տաք ու տնային միջավայր. բայց ո՞վ է վերահսկողը: 

 

Մանուչարյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ խնդիրը անտեսված չէ, ռիսկերը գնահատել են ու քայլեր էլ արվում են. «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի մասնավոր կենտրոնների հավաստագրման հարցը կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով, որը գործում է 2024թ-ի նոյեմբերից։ Դրանով առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ գործող իրավական ակտում՝ կառավարության որոշման մեջ, որի համաձայն բոլոր կազմակերպությունները, անկախ իրենց կազմակերպաիրավական տեսակետից, ունեն հստակ ժամանակ՝ հավաստագրվելու համար, իսկ հակառակ դեպքում տեսչական մարմնի կողմից կհամարվեն ապօրինի և կփակվեն»,- հայտնեց Մանուչարյանը՝ սակայն փոփոխությունների ուժի մեջ մտնելու հստակ ժամկետներ չմատնանշեց:

Նաև «օդի մեջ է» ,թե տարեցների  շուրջօրյա խնամքի մասնավոր քանի կենտրոն է գործում, Մանուչարյանը միայն մեկ կենտրոնի անդրադարձավ, որի հետ պետությունն ունի համագործակցային հարաբերություններ. « Վանաձորի տարեցների տունն է, որը գործում է 55 շահառուի համար։ Պետությունը տրամադրում է շուրջ 49 միլիոն դրամ դրամաշնորհ, ևս 61 միլիոն դրամ հատկացնում է դոնոր կազմակերպությունը՝ Հայ օգնության ֆոնդը»։

Նշենք նաև, որ ԱՍՀՆ-ն տարեցների շուրջօրյա խնամքն իրականացնում է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում, նաև «Նորք» , «Ձորակ» , «Հաղթանակ»  շուրջօրյա խնամքի կենտրոններում: 

Լուսանկարները՝ ԱՍՀՆ «Նորք» շուջօրյա խնամքիկենտրոնի ֆեյսբուքյան էջից

Երևանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի մասնավոր կենտրոններից մեկի տնօրեն Արփինե Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  կենտրոնը լիցենզավորում չի անցել, պետությունն աշխատանքը դրել է իրենց բարեխղճության վրա, իրենք էլ ընդունել են մարտահարվերը.«Այն, որ պետությունը պետք է ոլորտը վերահսկի, միանշանակ է, դրա արդյունքում մրցակցությունն էլ կբարձրանա, կենտրոնները հավաստագրվելուց հետո ավելի թափանցիկ կաշխատեն: Պետք է մոնիտորինգ անեն, քանի որ խնամքի նման կենտրոններն էլ ավելացել են, պետությունն ինքը պետք է բերի վերահսկողության դաշտ», -ասում է մեր զրուցակիցը:

«Մենք որքան  բարձր որակ տանք, այնքան մեր հաճախորդներն ավելանալու են, բիզնեսի տեսանկյունից ռիսկ չեմ տեսնում, այնպես չէ, որ պետք է քեզ վերահսկեն, նոր սկսես լավ աշխատել, բայց յուրաքանչյուր ոլորտի կարգավորումը պետական լիազոր մարմնի խնդիրն է», - նշում է նա:  

Այս կենտրոնում խնամք են ապահովում ինչպես մտքով պայծառ, այնպես էլ առողջական տարբեր խնդիրներ ունեցող տարեցների համար. «Ըստ անձանց առողջական խնդիրների, խնամքն իրականացվում է տարբեր մասնաշենքերում: Խնամքին զուգահեռ նաև իրականացնում ենք ժամանց՝  մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ և այլն»:

«Ամսական նվազագույն վճարը  սկսում է 300 հազար դրամից, դա այն դեպքում,  երբ մարդիկ մտքով «պայծառ» են, «ձեռքով-ոտքով են», ուղղակի իրենց համար սնունդ ենք պատրաստում,  հիգիենայի հարցերն ենք լուծում, ժամանցն ենք ապահովում: Եթե առողջական խնդիրներ ունեն ամսական վճարը հասնում է մինչև 450 հազար դրամի:  Ունենք նաև ծերապարտեզ՝ աշխատում է  09:00-18:00-ն՝  օրը 5 հազար դրամ է: 

«Վաղուց ժամանակն է, որ հասարակությունը դուրս գա «ծերանոց» ասված կարծրատիպից, թվում է, թե բոլոր այն կենտրոնները,որտեղ տարեցներ են ապրում դրանք ծերանոցներ են, սակայն վերջին ժամանակներում խնամքի կենտրոնների թվի ավելացումը կարծես բերել է մտածելակերպի որոշակի  փոփոխությունների»,- ասում է նա և ընդգծում է, որ կենտրոն եկողները  լքվածության ու մենակության զգացում չունեն:  

Վստահեցնում է՝ այստեղ հայտնվում են ոչ թե անտարբերության,այլ՝ հոգատարության արդյունքում. «Մեր շահառուների զավակները շատ գիտակից մարդիկ են, հասկանում են, որ տարեցներին անհրաժեշտ է իրենց հարմար միջավայր: Մեր ծառայության վճարը բավական թանկ է, խնամքի կենտրոններ բերում են հոգատար զավակները, որոնք ուզում են, որ իրենց ծնողները հարմարավետ, լիարժեք, կոկիկ միջավայր ունենան»:

Կենտրոնում այժմ բնակվում են 26 տարեցներ, նրանցից 20 տոկոսը, ինչպես Ղուկասյանն է նշում, առողջական ընդգծված խնդիրներ չունեն: Ըստ նրա,եթե լինեն օրենսդրական կարգավորումներ, ուժի մեջ մտնի բժշկական պարտադիր  ապահովագրության համակարգը, ապա սա կաշխատի հօգուտ տարեցների. «Աշխարհում տարբեր խնամքի կենտրոններում տարեցի խնամքի համար պետությունն է վճարում, կարծում եմ՝ պիտի գնալ դրան, որ ինչ-որ չափով պետությունն իր մասնակցությունն ունենա, գոնե, սուբսիդավորի»:

Ամեն ինչ ավելի հստակ է ՀՀ-ում գործող ծերապարտեզների, տարեցների խնամքի ցերեկային կենտրոնների դեպքում: Այս թեմային ԱՍՀՆ մամուլի խոսնակը ևս անդրադարձավ.«Տարեցների համար ծառայությունները մատուցվում են պատվիրակման միջոցով: Հայտարարվում է մրցույթներ,  և պայմաններին համապատասխանող ՀԿ-ները դիմում, հավաստագրվում են  և կարողանում են ստանալ դրամաշնորհներ ու ծառայություններ մատուցել»:  

Ըստ նրա, տարեց անձանց ցերեկային կենտրոնները հավաստագրվում են նույն կերպ, ինչ շուրջօրյա խնամքի կենտրոնները.« Ներկայումս հավաստագրված են պետության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքած ցերեկային կենտրոնները»։

 «ՀՀ-ում պետության հետ համագործակցում է 14 կենտրոն»,-նշեց ԱՍՀՆ ներկայացուցիչը: 

Ի դեպ, սահմանվում է, որ հավաստագրվում են այն կազմակերպությունները, որոնք ապահովում են տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ մի շարք պահանջներ: Խնամքի կենտրոնները պետք է ունենան օրինակ  անվտանգ միջավայր, կոմունալ հարմարություններ, սանիտարահիգիենիկ պայմաններ,  որոշակի հաստիքներով ու թվով անձնակազմ, սննդի մատուցման նորմեր էլ կան, նաև  հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային և անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներ: 

Ըստ նրա ՀԿ-ները պետության ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ տարեցներին մի քանի տեսակի ծառայություններ են մատուցում՝ խնամք՝ տնային պայմաններում,  ցերեկային, շուրջօրյա խնամքի նաև ժամանակավոր կացարանի ծառայություններ:  Ցերեկային ծառայությունների համար՝ ներառյալ նաև սննդի ծառայությունը 2024-ին պետության  կողմից  հատկացվել է 170 միլիոն դրամ՝ 130 շահառուի համար:  Տնային պայմաներում Երևանում և մարզերի մեծամասնությունում տարեցների խնամքի ապահովման համար  ՀԿ-ներին հատկացվել է 248միլիոն դրամ, շահառուների թիվը 1250 է:  

2024 թվականին ցերեկային խնամքի ծառայությունները մատուցվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (Երևան, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք), «Հայկական Կարիտաս» ՀԿ (Լոռի, Շիրակ), «Հուսո տուն» ՀԿ (Երևան)։

Մանուչարյանը վստահեցնում է, որ իրականացվում է  նաև  հավաստագրված ՀԿ-ների մոնիթորինգ.«Եթե բացահայտվում են ՀԿ-ներ, որոնք նախատեսված ծառայությունները մատուցում են  ոչ պատշաճ, դասակարգվում են որպես ոչ վստահելի ու այլևս չեն կարողանում ԱՍՀՆ-ի հայտարարած մրցույթներին մասնակցել»:  

Լուսանկարը՝ Գյումրու տարեցների ցերեկային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի  սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտ Հովհաննիսյանը նշեց, որ  կենտրոններ ունեն Երևանում, Արտաշատում, Ճամբարակում, Սևանում, Հրազդանում, Կապանում, շահառուների թիվը 300 է.«Ծառայությունից կարող են օգտվել  միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից տրամադրվող ուղեգրով։ 2024թ-ի  մասնակցել ենք ԱՍՀՆ -ի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներին, որի արդյունքում ծառայությունների համար ստացել ենք 39,486,000 դրամ ֆինանսավորում, որը կազմում է անհրաժեշտ ծախսերի 50%-ը»,- նշեց նա և հավելեեց, որ  ֆինանսական ռեսուրսների մյուս հատվածը գոյանում է բարեգործների հաշվին:

Կոտայքի մարզում գտնվող անվճար ծերապարտեզներից մեկի տնօրեն Լևոն Երնջակյանի խոսքով, պատրաստվում են հավաստագրման դիմել, որ կարողանան դրամաշնորհներ ստանալ ԱՍՀՆ-ի  կողմից, մի քանի ամիս է, որ գործում են. «Կառավարությունը ծերապարտեզներին վճարում է օրական սննդի համար մեկ անձին 150 դրամ, բայց պետության տված 150 դրամով ուղղակի հնարավոր չէ հարց լուծել, մենք ունենք հիմնական բարերար, որը հոգում է ծախսերը»:

Ծերապարտեզում շահառուների թիվն այժմ 20 է, նախատեսվում է նաև գիշերակացի հնարավորություն տալ, բայց միայն նրանց, ովքեր չունեն խնամակալ ու համակեցությանը խանգարող հիվանդություններ: Թեև, ըստ նրա, դեռ հավաստագիր չեն ստացել, բայց մինչև գործունեություն ծավալելը շենքային պայմանների բոլոր նորմերը համապատասխանեցրել են ԱՍՀՆ-ի պահանջներին և չափորոշիչներին, ինչը պարտադիր պայման է պետական դրամաշնորհներից օգտվելու համար:   

 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 Դեկտեմբեր, 2024 19:04
Վեր